Ցավով պետք է արձանագրենք, որ թե՛ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր հասկանում կատարվողի լրջությունը (նրանք բոլորից շատ էին համոզում, թե «Նիկոլը Արցախը չի հանձնելու, Նիկոլը պարզապես ժամանակ է ձգում»), ո՛չ էլ Հայաստանի ռազմաքաղաքական էլիտան (ավելի շուտ խոսքն ընդդիմադիր վերնախավի մասին է) չի հասկանում, թե իրականում ինչ է կատարվում։
Ավելին, երբ Հանրապետության հրապարակից լսում եմ ոմանց ելույթները, հասկանում եմ, որ Հայաստանի ճակատագրի հետ դրամախաղ խաղացող ռուսաֆոբները նստած են ոչ միայն պետական կառույցներում, այլ նաև այսօր փորձում են վերահսկել ընդդիմադիր զանգվածին, միևնույն ժամանակ նրանք խորքային առումով դեռ մի բան էլ երախտապարտ են Նիկոլին այն բանի համար, որ «իրենց ընդհանուր երազանքը գրեթե իրականացել է, և որ Ռուսաստանը գրեթե հեռացել է տարածաշրջանից», անկախ նրանից թե՛ դա ինչ է արժենալու Հայաստանի համար։
Այս մարդիկ ոչնչով չեն տարբերվում թուրքական «Anadolu»-ի կամ ադրբեջանական «Haqqin»-ի համար աշխատող հաստիքային քարոզիչներից։
Դուք դեռ չեք հասկացել, որ ամեն ինչ միայն վատանալու է, Սյունիքը հանձնվելու է։ Առնվազն Սյունիքը։
Սա արվելու է, որպեսզի վերանա Իրանի հետ մեր ընդհանուր սահմանը, որպեսզի թե՛ Թեհրանին, թե՛ Մոսկվային զրկեն Հայաստանին ու հայերին ռազմական օգնություն ցուցաբերելու թեկուզ տեսական հնարավորություններից։
Միայն նման «Հայաստանում» Փաշինյանը հնարավորություն կունենա ևս որոշ ժամանակ կառավարել երկիրը, քանի դեռ Թուրքիան և Ադրբեջանը պաշտոնապես ժամանակ կտան «Հայաստանի» բնակչությանը լքելու երկիրը։
Ինչպես 2022 թվականի հոկտեմբերի 6-ին շատերը չհասկացան, որ Նիկոլը հանձնեց Արցախը, այնպես էլ հիմա չեն հասկանում ընթացող գործընթացների էությունը։
Եթե քաղաքական գործընթացները մնան զարգացումների ներկայիս տրամաբանության մեջ, ապա Հայաստանում գտնվելը ֆիզիկապես վտանգավոր կլինի։ Ավելին, վտանգավոր կլինի առաջին հերթին այն ռազմաքաղաքական վերնախավի համար, որը արցախյան վերնախավի նման, առանց պետությունը փրկվելուն ուղղված ջանքեր գործադրելու դիտորդի կարգավիճակով կհետևեն Հայաստանի անկմանը։ Իրենք կպատժվեն ամենադաժան ու ամենախայտառակ ձևով՝ իրենք ևս հանձնվելու են Ադրբեջանին։
Պետության հետ չի կարելի դրամախաղ խաղալ, հույս ունենալով պլստալ...
Բենիամին ՄԱԹԵՎՈՍՅԱՆ